Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության բազում եզրեր կարելի է գտնել

28 October 2021

Մեր զրուցակիցն է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը Պարոն Քոչարյան, տեղի ունեցավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջին այցը Սաուդյան Արաբիա: Ինչպես եք սա գնահատում՝ հաշվի առնելով, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ է նման այց կազմակերպվում: Ինչ պետք է ակնկալել այդ այցից: Ինքնին այցը շատ կարևոր և ներկայացուցչական է այն տեսակետից, որ երկրի նախագահն է այցելում: Կարելի է նշել, որ Սաուդյան Արաբիան շատ երկրների հետ ունի հարաբերություններ, բայց կոնկրետ այդ միջոցառմանը, որ նվիրված էր «Ապագա ներդրումային նախաձեռնություն» 5-րդ համաժողովին, նման ներկայություն էր ապահովված և դա շատ կարևոր է: Պետք է ասել, որ վերջին տարիներին քայլեր ձեռնարկվում էին, աշխատանք տարվում էր Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, և այդ համատեքստում կարելի էր ակնկալել, որ ՀՀ նախագահն իր անձնական և այլ կապերով կարողացել է հասնել նրան, որ նման մակարդակի այցելություն տեղի է ունեցել: Փաստացի կարելի է արձանագրել, որ սա ամենաբարձր մակարդակի այցելություններից էր, որ ունենում են դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրները: Սա կարող է խթանել տարբեր տեսակի զարգացումներ, կարևոր է այստեղ ունենալ համակարգված մոտեցում: Եթե տարբեր մակարդակներով պետական տարբեր ինստիտուտներ համագործակցեն, կարող ենք ունենալ և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ինչը ցանկալի կլիներ, ինչպես նաև հասնել ներդրումների հոսքի սաուդական կողմից, որոնք պատրաստ են դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունը և տարբեր ոլորտներում գործընկերներ են փնտրում: Կարելի այդտեղ տեսնել նաև հնարավոր համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Պետք է հաշվի առնել, որ Սաուդյան Արաբիան ունի իր հռչակված ռազմավարությունը: Այսինքն լավ աշխատելու դեպքում համագործակցության բազում եզրեր կարելի է գտնել: Այստեղ միակ հարցը, որ պետք է լուծել, պետական ինստիտուտների համակարգված աշխատանքն է: Այցելությունը տեղի ունեցավ Արմեն Սարգսյանի ունեցած անձնական կապերի միջոցո՞վ, թե՞ նաև պատերազմից հետո իրավիճակ է փոխվել՝ հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան միշտ Ադրբեջանի շահերի տեսանկյունից է հանդես եկել: Բնականաբար, այս ամեն ինչը հնարավոր է նախագահի կապերի, ունեցած հարաբերությունների շնորհիվ, բայց նաև տարածաշրջանային անվտանգության ոլորտում փոփոխություններն իրենց դերն են խաղացել: Սաուդյան Արաբիայի ադրբեջանամետ դիրքորոշումը անընդհատ շեշտելիս պետք է հաշվի առնել, որ մեր և Սաուդյան Արաբիայի միջև չեն եղել հարաբերություններ: Հարաբերություններ հաստատելու առումով ևս մեր կողմից բացթողումներ են եղել: Եթե հարաբերություններ հաստատեինք, կարող էինք նաև այլ զարգացումների ականատես լինել: Կարո՞ղ ենք արձանագրել, այցելությունը դրական էր, բայց պետք չէ ակնկալել, որ առաջիկայում Հայաստան-Սաուդյան Արաբիա դիվանագիտական հարբերություններ են հաստատվելու: Երեկ ԱԳՆ-ի հայտարարությունը եղավ, որ դրական են գնահատում այդ այցելությունը: Սա հույս է ներշնչում, որ ինչ-որ աշխատանքային գործընթացներ տեղի կունենան: Մեր անվտանգային շահերը թելադրում են, որ այդ դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատել:

Date / location

28 October 2021

Yerevan, Armenia

CATEGORY

Source Link